ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը, որի համար այս պահին երկու տեղ է բանակցվում, գրել է 24news-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին։
Ըստ լրատվականի՝ առաջին հնարավոր վայրը Վաշինգտոնն է՝ այս տարվա սեպտեմբերին, երկրորդ վայրը՝ ԱՄԷ-ն՝ այս տարվա դեկտեմբերին:
Կայքը նշել է, որ Փաշինյանին հաջողվել է Սահմանադրության փոփոխման նախապայմանը հանել բանակցություններից՝ ադրբեջանցիներին ասելով, որ ոչ մի սոցհարցումով դրան հասնել ուղղակի հնարավոր չէ և նմանատիպ զարգացումները վտանգավոր են իր իշխանության համար:
«Դրա փոխարեն նա հանձն է առել հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն և ենթարկեցնել իրեն, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին 20 օրվա ընթացքում: Կա նաև երկրորդ նախապայման՝ հեռացնել ռուսական ռազմաբազան պայմանագրի ստորագրումից հետո»,- հավելել է թերթը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողներին հաստատել էր, որ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա՝ Էրդողանի հրավերով։