Կոնգրեսական առաջնորդներն իրենց դժգոհությունն են արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ չճանաչելու վերաբերյալ, հայտնել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություն ներկայացնող տասնյակ անդամներ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հավելել են գրասենյակից։
«Կոնգրեսականները ոչ միայն վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ու արդարության հաստատման պայքարում, այլև պատասխանատվություն են պահանջել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար և կարևորել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը»,- ասված է հայտարարության մեջ։
Գրասենյակից հավելել են, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է ակտիվորեն գործել՝ աջակցելու այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք արգելափակում են ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ուժեղացնում ԱՄՆ-Հայաստան անվտանգության համագործակցությունը և Թուրքիայից պահանջում են պատասխանատվություն՝ Հայոց ցեղասպանությունը շարունակաբար ժխտելու համար։
Թրամփն ապրիլի 24-ի իր ուղերձում չէր օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը, այլ լատինատառ նշել էր՝ Meds Yeghern (Մեծ Եղեռն-խմբ․)։
Կարդացեք նաև`