Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակից Արփինե Սողոյանին, ով Արաբկիր վարչական շրջանում վիճաբանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հրահանգել են աշխատանքից ազատման դիմում գրել։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել է նրա դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ նշելով, որ մայրն աշխատանքի գնալիս է նկատել վարչապետի թիմին և օգտվել նրա հետ խոսելու հնարավորությունից։
Տաթևիկ Սողոյանի պնդմամբ՝ աշխատանքից հեռանալու հրահանգը Երևանի քաղաքապետարանից էր, սակայն նա չի հստակեցրել, թե կոնկրետ ո՞վ է զանգահարել մորը։
«Ես կարող եմ հաստատել, որ նման մտադրություն առկա է, թե ո՞ւմ կողմից և այլն, չեմ մեկնաբանում»,- նշել է նա։
Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն Armenia Today-ին մենաբանելով ազատման մասին լուրը՝ հակադարձել է՝ հայտարարելով, որ «ազատման դիմում գրելու հրահանգ չի տրվել»։
Կարապետյանը հաստատել է աշխատակցին զանգահարելու փաստը, սակայն պարզաբանել է, որ նպատակն էր աշխատանքից 1 ժամ 20 րոպե ուշանալու պատճառները պարզել։ Ըստ Կարապետյանի՝ բուժաշխատողի բացակայությունը խնդիրներ է ստեղծել հերթագրված բուժառուների համար։
«Ցանկացած աշխատակից, անկախ նրանից՝ ինչով էր զբաղված, չի կարող 1 ժամ 20 րոպե ուշանալ աշխատանքից, հատկապես՝ հերթագրված բուժառուների պայմաններում։ Այսօրվա ապահովագրական համակարգում հերթերն արդեն իսկ մեծ են, մարդիկ հաճախ անգամ չեն կարողանում հերթագրվել, կամ հերթը հասնում է միայն 2-3 օր անց։ Բուժառուները եկել, սպասել են, սակայն բժիշկը տեղում չէր։ Տնօրենն ընդամենը պարզաբանում է պահանջել՝ ինչո՞ւ է բժիշկը 1 ժամ 20 րոպե ուշացել»,- հավաստիացրել է վարչության պետը։
Միևնույն ժամանակ՝ չի հստակեցվել՝ ապագայում հնարավո՞ր է ազատեն աշխատակցին՝ միայն նշելով, որ Սողոյանը դեռևս չի ներկայացրել ուշացման վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ։
Միջադեպը տեղի էր ունեցել Փաշինյանի քարոզարշավի ժամանակ, երբ Սողոյանը մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան՝ հայտարարելով, որ գործող իշխանությունները հանձնել են իր հայրենիքն ու ոչնչացրել մի ամբողջ սերունդ։




































