Արդարադատության նախարարությունը նախատեսում է ԶԼՄ-ներում կամ սոցիալական հարթակներում վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկատվության հեռացման գործիքակազմ ներդնել, տեղեկանում ենք e-draft.am-ում տեղադրված նախագծից։
Ըստ նախագծի՝ եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի առցանց հարթակում կամ լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի օգտատիրոջ էջում հրապարակված գրառման մեջ, ապա անձը կարող է դատական կարգով պահանջել ամբողջությամբ հեռացնել այդ գրառումը։
Նախարարության առաջարկով՝ հեռացման պահանջը կարող է վերաբերել նաև առանձին արտահայտությունների, նախադասությունների կամ ամբողջ նյութին, ինչպես նաև սահմանվել է հեռացման կատարման պահանջի ժամկետ:
Ապրիլի 29-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ քննարկում են ատելության խոսքի դրսևորումների հետ կապված վարչական պատասխանատվություն սահմանելու հնարավորությունը։