ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է նոր Սահմանադրությունում երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնելու մտադրության մասին։
Նա այդ մասին հայտարարել է դատական համակարգի կարևորության համատեքստում։
«Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Ես հարգում եմ և գիտեմ բոլոր այն փաստարկներն առ այն, որ փոքր երկրում բոլորը բոլորին ճանաչում են, խնամի, ծանոթ, բարեկամ կապերը շատ ուժեղ են։ Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդման պարագայում կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման խնդրի առաջ, բայց այսօր էլ ենք կանգնած այդ խնդրի առաջ»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ ինստիտուտի ներդրման դեպքում «արդարադատությունը կտրված չի լինի ժողովրդից»։