Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբեք չի խոսել Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտման մասին։ Այսպես է նա պատասխանել 2008 թվականի մարտի դեպքերի զոհերի հուշարձանի մոտ լրագրողների հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, եթե դեռ մեղադրյալ չկա։ Նա նշել է, որ կան հանգամանքներ, որոնք դեռևս արժանի են քննության։
«Մարտի 1-ի դեպքերի ամբողջական բացահայտումն այն կարևոր խնդիրներից էր, որ դրել եմ մեր գործընկերների առաջ։ Երբ ասում եմ, որ տեղի ունեցածը բացահայտվել է, նշանակում է, որ առկա էր ուժի կիրառում, հանցավոր խմբերի մասնակցություն, անօրինական զինված խմբավորումներ, քաղաքացիական բողոքի ակցիաների ճնշում, սպանություններ։ Այս ամենին ինչ-որ կերպ պետք է ընթացք տրվի, իրավական գնահատական ստանա, սրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,- ասել է Փաշինյանը։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ գործը հարուցվել էր 2018 թվականին՝ 2008 թվականի մարտյան զանգվածային անկարգությունների գործով հետաքննության շրջանակներում։ Գործով ամբաստանյալների թվում էին նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
2021 թվականի ապրիլին Սահմանադրական դատարանի որոշմամբ դադարեցվել էր Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Սահմանադրական դատարանը Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթը 2021 թվականի մարտի 26-ին ճանաչել էր հակասահմանադրական: 300․1 հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով»:
2024 թվականի սեպտեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը և բեկանել Քոչարյանի նկատմամբ գործը կարճելու որոշումը՝ գործն ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Մարտի 1-ի գործի քննությունը վերսկսվել էր 2024 թվականի սեպտեմբերի 23-ին։