ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Ռուսաստանում թաքնված հանցագործներին Հայաստան արտահանձնելու հարցը, հայտնել է Քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել դեռևս չկատարված քննչական պահանջներին և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ կձեռնարկվեն գործուն քայլեր:
Ըստ գերատեսչության՝ կողմերը քննարկել են մի շարք քրեական վարույթներով քրեական արդարադատությունից խուսափող և ՌԴ-ում գտնվող մի շարք անձանց հարցը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել ապահովելու արդյունավետ փոխգործակցության բարձր մակարդակ՝ նշելով, որ դրանից է կախված նաև ընթացակարգերի պահպանմամբ համագործակցության հետագա զարգացումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին կառավարության նիստում քննադատել էր իրավապահ մարմինների աշխատանքը և ասել, որ իրեն չի բավարարում երկրում տիրող հանցավորության մակարդակը, իր «համբերության բաժակը լցվել է», և ինքը կկատարի համապատասխան որոշումներ։ Վարչապետի քննադատությանը հաջորդել էր նոյեմբերի 18-ին իրավապահ մարմինների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը։