Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնուհետև Իրան 300 ՄՎտ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորության շուրջ Կրեմլը բանակցություններ է վարում Թեհրանի և Բաքվի հետ, РИАМО-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։
Նա հավելել է, որ բանակցությունների բոլոր կողմերը հետաքրքրված են այս նախագծով։
«Այժմ մենք դիտարկում ենք Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից Իրան և, հնարավոր է, հետագայում այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել առկա ենթակառուցվածքը՝ առանց նոր շինարարության»,- նշել է Շուլգինովը։
Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունն օգոստոսին հայտնել էր, որ Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը պայմանավորվել են էլեկտրաէներգետիկական համակարգերի միավորման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն ավարտել մինչև 2023 թվականի վերջը։ Գերատեսչությունում նշել էին, որ մանրամասն վերլուծվում են մասնակից երկրների Էլեկտրական ցանցերով էլեկտրաէներգիայի փոխանցման տարբեր պայմանները, ինչպես նաև դիտարկում լրացուցիչ էներգաօբյեկտների կառուցման նպատակահարմարությունը: