Իտալացի մասնագետները սկսել են Գառնիի նախաքրիստոնեական տաճարի՝ Հայաստանում պահպանված միակ հունա-հռոմեական սյունազարդ տաճարի լոգարանների խճանկարների վերականգնումը, հայտնել է իտալական ANSA գործակալությունը։
Վերականգնողական աշխատանքները կտևեն մոտ երեք տարի և կներառեն հատակի խճանկարների վերականգնում, ինչպես նաև բաղնիքի շենքի ողջ տարածքում մի շարք լայնածավալ կառուցվածքային աշխատանքներ։
Աշխատանքները կղեկավարեն Ֆլորենցիայի «Opificio delle Pietre Dure» խճանկարների և քարե արվեստի ինստիտուտի մասնագետները։ Նախագծի շրջանակներում ինստիտուտի մասնագետները 2024 թվականին տեղում իրականացրել են չափագրական աշխատանքներ: Նախագիծը ֆինանսավորվում է Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) կողմից՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ:
Հոնիական ոճով կառուցված տաճարը համարվում է նախաքրիստոնեական Հայաստանի ամենահայտնի ճարտարապետական հուշարձանը, նշվում է հայտարարության մեջ։
Գառնին Հայաստանի պատմության մեջ Արշակունիների ժամանակաշրջանի հուշարձան է, կառուցվել է մ.թ. 1-ին դարում Տրդատ I թագավորի կողմից և նվիրված է արևի աստված Միհրին։ Հելլենիստական տաճարից 50 մետր հյուսիս-արևմուտք գտնվում են 3-րդ դարով թվագրվող հռոմեական լոգարանի մնացորդները։ Այս բաղնիքը կառուցված է հռոմեական տիպիկ հատակագծով՝ սառը, տաք և շոգ սենյակներով (համապատասխանաբար՝ ֆրիգիդարիում, տեպիդարիում և կալդարիում):
Մարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ Գառնիի բաղնիքի վերականգնման նախագիծը պատրաստվել և ներկայացվել է իտալացի ճարտարապետ և վերականգնող Լուսիո Սպեկան 2019 թվականին։