ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ սերժանտական նորաստեղծ համակարգի առաջին զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը մասնակցել են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր:
«Սերժանտները երկարատև պատրաստություն են անցել և պատրաստ են շարունակել ծառայությունն արդեն նոր կարգավիճակում՝ նպաստելով ՀՀ բանակի պաշտպանունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը: Այս համակարգի ներդրումը կարևոր քայլ է զինված ուժերի արդիականացման և բարեփոխման գործընթացում»,- հավելել են գերատեսչությունից:
2022 թվականի դեկտեմբերին Պապիկյանը հայտարարել էր բանակային բարեփոխումների շրջանակներում Հայաստանի զինված ուժերում պրոֆեսիոնալ սերժանտական համակարգ մտցնելու ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալ սերժանտները «շտաբային զինծառայության մեջ ներգրավվելու դեպքում նաև սպաներին հավասար որոշումներ կայացնելու իրավասություններ կունենան»։