Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրել է Ֆրանսիային, որ կենսաթոշակային բարեփոխման կասեցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ երկրի բյուջեի համար, հայտնում է Le Figaro-ն։
«Մենք ուշադիր հետևում ենք Ֆրանսիայի բյուջեի շուրջ քննարկումներին, մասնավորապես՝ կենսաթոշակային բարեփոխման կասեցմանը, քանի որ դա կարող է նշանակալի բյուջետային հետևանքներ ունենալ»,- ասել է ԵՀ տնտեսական հարցերի հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի նիստերի շրջանակում։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ Ֆրանսիան ձեռնարկի քայլեր՝ ապահովելու բյուջեի դեֆիցիտի նվազեցման վերաբերյալ իր պարտավորությունների կատարումը։ ԵՀ-ն ակնկալում է, որ Փարիզը շուտով կներկայացնի «համապարփակ առաջարկներ», որպեսզի հանձնաժողովը կարողանա գնահատել բյուջետային քաղաքականության համապատասխանությունը նպատակին՝ միջնաժամկետ հեռանկարում դեֆիցիտը հասցնելու մինչև 3%-ի։
Միևնույն ժամանակ, Le Figaro-ն նշում է, որ Դոմբրովսկիսն զգուշավորությամբ է ընդգծել, որ չնայած բյուջեի ուշ ընդունմանը, այն, ընդհանուր առմամբ, համապատասխանում է այս տարվա ֆինանսական նպատակներին։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն խորհրդարանում հոկտեմբերի 15-ին հայտարարել էր 2023 թվականի կենսաթոշակային բարեփոխման կասեցման մասին մինչև 2028 թվականի հունվար՝ հավելելով, որ այդ քայլը պետք է փոխհատուցվի այլ միջոցներով։





































