«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին գրառմանը, որը նա անվանել էր «Դիմանկար․ Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀ առաջին նախագահ»:
Փաշինյանն առաջին նախագահին մեղադրել էր Հայաստանի անկախության առաջին տարիներից երկիրը «մարիոնետ պետության» վերածելու մեջ։ Վարչապետը Տեր-Պետրոսյանին «վախկոտ, կամազուրկ, նաև անպատասխանատու» էր անվանել։ Բացի այդ, մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի զրույցը Գարեգին 2-րդ կաթողիկոսի հետ, Փաշինյանը գրել էր, թե «երեկ պետականակործան պատուհասը՝ ԼՏՊ-ն, հանդիպել էր եկեղեցակործան պատուհասի՝ Կտրիճի հետ։ Հեսա նայեմ՝ ինչ են բարբաջել»։ Մեկ օր առաջ Փաշինյանի կինը Տեր-Պետրոսյանին անվանել էր «գիտնական ոջիլ», «մեռելի զդաչի»։
Զուրաբյանն ի պատասխան՝ նշել է, որ «Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես, ամբարտավան ու շահամոլ զույգի ձեռքերում»։
«Ոչ ոք, արդ, ավելի մեծ հարված չի հասցրել մեր ժողովրդի անվտանգությանը, բարոյական արժեհամակարգին և դիմադրողականությանը, քան այս շնաբերան իմաստակների զույգը: Հայաստանի ղեկը գտնվում է պարկեշտության մասին պատկերացումից զուրկ և իշխանությունը կորցնելու հեռանկարից լրիվ խելագարված մի զույգի ձեռքերում, որն իր վախերը փարատելու, իշխանական վայելքը շարունակելու համար ոչնչի առաջ չի կանգնի»,- մասնավորապես գրել է Զուրաբյանը։
Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ «նրանք շատ լավ հասկանում են, որ «Հայ Առաքելական Եկեղեցու մաքրության» և «Ռուսական կայսրության լծից ազատվելու» համար պայքարելու ցնդաբանություններով ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ հանելով, ջարդում են ազգային ամրության ողնաշարը»։
«Հասկանում են, որ սերմանում պառակտություն և ատելություն, թուլացնում են հայ ազգի միաբանությունը հենց այն պահին, երբ աննախադեպ միջազգային փոթորիկներն ու հակամարտությունները սպառնում են ոչ ավել, ոչ պակաս` հայոց պետականության գոյությանը: Հայաստանը գարշելի այս զույգի «կառավարումից» ազատագրելը դարձել է, հետևաբար, ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկը»,- եզրափակել է քաղաքական գործիչը։
Կարդացեք նաև՝