ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների, գաղտնի հավանություն է տվել Իրանի դեմ ռազմական գործողությունների պլաններին Իսրայելի հետ միասին։
Ինչպես նշում է պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, Թրամփը «կանաչ լույս» է վառել ամերիկյան զինված ուժերի առաջ, որպեսզի Իրանի օբյեկտներին հարվածելու ծրագիր մշակեն, սակայն հետաձգել է վերջնական որոշումը՝ սպասելով, թե արդյոք Թեհրանը կհրաժարվի՞ իր միջուկային ծրագրից։
WSJ-ի տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ առաջին թիրախներից մեկը կարող է լինել Ֆորդոյի ստորերկրյա իրանական միջուկային օբյեկտը։
ԶԼՄ-ն նշել է, որ Թրամփը հունիսի 17-ի գիշերը փակ հանդիպում է անցկացրել ամերիկյան ղեկավարության բարձրագույն ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը, քննարկվել են ԱՄՆ-ի միջամտության հնարավոր հետևանքներն ու տարբերակները։
Նախորդ օրը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ չի ձգտում պատերազմ սկսել Մերձավոր Արևելքում։
«Գիտեմ, թե ինչ անել, բայց վերջնական որոշում դեռ չեմ ընդունել։ Ուզում եմ դա անել ամենավերջին պահին, որովհետև պատերազմում ամեն ինչ կարող է փոխվել»,- ասել է Թրամփը։
Յոթերորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողությունները Իրանի և Իսրայելի միջև: Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։