Արցախում 2020-2023 թվականներին տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, հյուծիչ շրջափակումը, բռնի տեղահանությունն ու վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպանական ծրագրերի շարունակությունն են, ինչ 1915 թվականին, հայտարարել է Արցախի ԱԺ-ն։
Գերատեսչությունը նշել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է համարժեք իրավական ու քաղաքական գնահատական տալ այդ գործողություններին՝ արձանագրելով դրանց համապատասխանությունը ցեղասպանության համապարփակ սահմանմանը։
«Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանության հրավեր»,- շեշտել է կառույցը։
ԱԺ-ի համար այս «անհասկանալի ու անբացատրելի են նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը»։
«Ցեղասպանության դատապարտումը և մեղավորին պատասխանատվության կանչելը հետագա ցեղասպանությունների կանխման գրավականներից են, որոնք, իհարկե, չեն փոխարինում պետության պարտադիր ուժեղ անվտահգության համակարգին և հեռատես ներքին ու արտաքին քաղաքականությանը»,- ընդգծված է հայտարարության մեջ։
«Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նաև աշխարհասփյուռ հայության հավաքական կամքի արտահայտության հնարավորություն է՝ հանուն անվտանգ ու ապահով ապագայի և ի հիշատակ մեր նահատակված նախնիների։ Մենք հիշում, հարգում և պարտավոր ենք երբեք չմոռանալ բռնությամբ, ցավով և անասելի տառապանքով ցեղասպանության զոհ դարձած մեր հայրենակիցներին»,- նշել են Արցախի ԱԺ-ում։
Ապրիլի 24-ին նշվում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Այս օրը հայերը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին, որը խլել է մեկուկես միլիոնից ավելի հայերի կյանք։
Armenia Today-ի խմբագրակազմը հավաքել է Ցեղասպանության վերաբերյալ հիմնական ուսումնասիրություններ, ինչպես նաև արվեստի գործեր և դժոխքի տանջանքները վերապրած մարդկանց հիշողություններ։