Հայկական կողմը որոշում է կայացրել Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերված, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել Ադրբեջանին, հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն:
«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, ՀՀ-ն որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է:
Փետրվարի 28-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՊՆ զինծառայողները վնասազերծել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածից հայ-ադրբեջանական շփման գիծը հատած ադրբեջանական ԶՈւ զինծառայողի։ Ադրբեջանցին զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով։ Փետրվարի 29-ին Քննչական կոմիտեն հայտնել էր ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության մասին ու հայտարարել, որ նա դիվերսիայի փորձ է արել։