Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց և չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Անկարայում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով նաև, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի հարևանների նկատմամբ։
«Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթևեկության՝ առևտրի համար: Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մենք շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների: 2021 թվականին, այնուհետև` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների երկայնքով` ներխուժելով և գրավելով մեր ինքնիշխան տարածքները: Այս պահին, արդեն շուրջ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի»,-ընդգծել է Սիմոնյանը։
Նա շեշտել է նաև, որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում:
«Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթևեկության համար:
Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում: Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարևանների նկատմամբ և ակնկալում ենք, որ մեր հարևանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասել է նա։
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա։ Պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: