«Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն Armenia Today-ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությունն ինքն է հիմնադրել՝ քաղաքական նպատակներ հետապնդելով։
Ռուբեն Վարդանյանի պնդմամբ՝ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Ըստ նրա՝ նման լուրերը տարածվում են, քանի որ մարդիկ միշտ ուզում են միֆերի և երազանքների մեջ ապրել։
«Մարդիկ շատ են ուզում սև կատու գտնել մութ սենյակում, որը չկա։ Մարդիկ չեն հասկանում, որ համագործակցության ուրիշ բանաձևեր կան»,- նկատեց նա։
Վարդանյանը պարզաբանում է, որ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ համագործակցությունն իրականացվում է «Ապագա հայկականը» նախաձեռնության շրջանակներում։
«Ես ճանաչում եմ և մեծ հարգանքով եմ վերաբերվում Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին։ Իրենք որոշել են կուսակցություն ստեղծել մինչև մեզ հետ հանդիպելը, բայց իրենք միացել են «Ապագա հայկականը» շարժմանը։ Այն գաղափարները, որ մենք դրել ենք շարժման հիմքում, այդ գաղափարներն իրենք կիսում են և, համագործակցության տարբեր ձևերով ուզում են իրենց մասնակցությունն ունենալ։ Դրա մեջ վատ բան չկա։ Մենք կուսակցության անդամ չենք։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ովքեր պատրաստ են մեր նման մտածել, մեզ հետ միասին ճանապարհ անցնել իրենց ծրագրերն իրականացնելու նպատակով»,- նշեց նա։
«Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնողը կարևորում է, որ Հայաստանում այնպիսի կուսակցություններ ստեղծվեն, որոնց ծրագրերն ապագային են միտված։
«Մենք ուզում ենք, որ Հայաստանում նոր դաշտ ստեղծվի։ Պետք է մարդկանց ոչ թե դավաճան և կոռուպցիոներ պիտակները կպցնել, այլ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ երկիր ենք կառուցում, մենք ինչ ապագա ունենք։ Ինձ թվում է՝ ճիշտ է, որ ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնց գաղափարներն ավելի շատ նայում են առաջ, քան հետ»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե համագործակցության ինչպիսի հարցեր են քննարկվում նորաստեղծ կուսակցության հետ, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․
«Մեր աշխատակիցը Դիլիջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է։ Ես ողջունում եմ այդ քայլը։ Նա, տասը տարուց ավելի աշխատելով Դիլիջանում, շատ բան է արել, որ քաղաքը փոխվի, երեխաները լավ կրթություն ստանան։ Աջակցում ենք, որ կանայք կարողանան դառնալ համայնքի ղեկավար»։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Ապրելու երկիր» կուսակցության ստեղծումը կապվում է ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանի անվան հետ, իբրև, նա ցանկություն ունի առաջիկայում ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում։
Նույն հրապարակումների համաձայն՝ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական գործունեության մեկնարկը տրված է․ կուսակցությունը կմասնակցի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրություններին։
Հավելենք, որ «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնություն է՝ ստեղծված հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ստեղծել Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցություն և փոխըմբռնում:





































