Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։
Այն հայկական ամենասիրված ու ամենամեծ ամառային տոնն է, որն իր մեջ միավորում է քրիստոնեական խորհուրդն ու դարերից եկող ժողովրդական ավանդույթները։
Վարդավառը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոններից երրորդն է: Ըստ եկեղեցական ավանդության՝ այս օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրացել է Թաբոր լեռը, որտեղ նրանց առջև պայծառակերպվել է՝ ցուցադրելով իր աստվածային փառքը։
Տոնի ժողովրդական արմատները գալիս են դեռևս նախաքրիստոնեական շրջանից և կապվում ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի, ինչպես նաև արգասաբերության աստված Վահագնի հետ։ Հենց Աստղիկ աստվածուհուց էլ մնացել է տոնի գլխավոր խորհրդանիշը՝ վարդաջուրն ու միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը, որը խորհրդանշում է մաքրագործումն ու օրհնությունը:
Այսօր հանրապետության բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո իրականացվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս կողմերի ու բերքի օրհնություն, ինչպես նաև աղավնիներ թռցնելու արարողություն: Եկեղեցական արարողություններից հետո տոնախմբությունները տեղափոխվում են փողոցներ ու բակեր, որտեղ մարդիկ, անկախ տարիքից, մեծ շուքով ու խնդությամբ միմյանց ջրում են:
Միջոցառումներին ծանոթանալու համար կարդացեք նաև՝
«Ոչ ոք չոր չի մնա»․ «Վարդավառ 2026» տոնական միջոցառում՝ Երևանում































