Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները առնվազն հինգ հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Էլ-Մանսուրի քաղաքում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնում է լիբանանյան Janoubia լրատվական պորտալը։
Հաղորդվում է, որ ռմբակոծության են ենթարկվել նաև բնակիչների կողմից լքված մի քանի տներ։ Այն շրջաններից, որտեղ հասցվել են հարվածները, երկինք են բարձրանում թանձր ծխի սյուներ։ Ավելի վաղ իսրայելական բանակի ներկայացուցիչը հայտարարել էր, որ սահմանամերձ Տյուրոսի շրջանում գտնվող Էլ-Մանսուրի բնակավայրում հայտնաբերվել է «Հեզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածք։
Բացի այդ, իսրայելական անօդաչու թռչող սարքերը օրվա երկրորդ կեսին գրոհել են ցամաքային թիրախները Արնունում, Կֆար-Թիբնիտում և Մաջդալ-Զունում, որտեղից հաղորդվում է երեք վիրավորի մասին։ Իսրայելական հրետանին խոշոր տրամաչափի արկերով կրակ է բացել Դեյր-Սիրյան և Կանտարա բնակավայրերի ու դրանց շրջակայքի ուղղությամբ։ Մի շարք վայրերում վնասվել են բնակելի շինություններ։






































