ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայցեր է ներկայացրել հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ, հետևում է Datalex դատական-տեղեկատվական համակարգի տվյալներից։
Վարչապետը պահանջում է հրապարակային ներողություն խնդրել խորհրդարանական ընտրություններից հետո արված հայտարարությունների համար։
Մարուքյանի դեմ Փաշինյանի հայցը քննում է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանը։ Վարչապետը պահանջում է պարտավորեցնել Մարուքյանին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքային 5 օրվա ընթացքում իր ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն ներողություն խնդրել հունիսի 9-ի հրապարակման համար, որը, հայցվորի կարծիքով, իր հասցեին վիրավորական արտահայտություններ է պարունակում։
Հովսեփյանի դեմ հայցը քննում է Շիրակի մարզի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը։ Փաշինյանը նախկին պատգամավորից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել և հերքել հունիսի 9-ին «Հրապարակ» կայքում ու ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունները։
Վարչապետը զրպարտություն է համարում Հովսեփյանի այն պնդումները, թե ինքը նախապես գիտեր, թե ինչպիսին են լինելու խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և որ քվեարկության արդյունքները կեղծված են։ Փաշինյանը ներողություն է պահանջում նաև այն բանի համար, որ Հովսեփյանն իրեն «տականք» է անվանել։
Բացի այդ, վարչապետը խնդրում է Հովսեփյանից բռնագանձել 2 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի համար ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում և 4 միլիոն դրամ՝ զրպարտության համար։
Համաձայն հայցի՝ ներողությունը և հերքումը պետք է հրապարակվեն «Հրապարակ» կայքում և ֆեյսբուքյան էջում՝ բոլորի համար հասանելի տեսքով և առանց ժամկետի սահմանափակման։ Իրենց տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի առումով դրանք չպետք է զիջեն սկզբնական հրապարակմանը և չեն կարող ուղեկցվել Հովսեփյանի կամ երրորդ անձանց մեկնաբանություններով։
Եթե ներողությունը և հերքումը կայքում ու լրատվամիջոցի էջում հրապարակելն անհնարին դառնա, Փաշինյանը պահանջում է դրանք նույն պայմաններով տեղադրել առնվազն 5000 տպաքանակ ունեցող և Հայաստանի ամբողջ տարածքում տարածվող որևէ տպագիր թերթում։
Հովսեփյանը հունիսի 9-ին «Հրապարակ»-ին տված»-ին տված հարցազրույցում Փաշինյանին մեղադրել էր ընտրությունների արդյունքները «նկարելու» մեջ։
«Այս տականքին ես վաղուց եմ ճանաչում ու գիտեի, թե ինչպես է ընտրության արդյունքները նկարելու»,- ասել էր նախկին պատգամավորը։
Մարուքյանը հունիսի 9-ի տեսաուղերձում Փաշինյանին և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին անվանել էր «ընտրակեղծարար»՝ պնդելով, որ մի շարք տեղամասերում արձանագրված ձայները կայքում ներկայացվել են որպես զրո։






































