««Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու և Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը քննադատել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կալանքը։
Մելոյանը Մանուկյանին անվանել է «ժողովրդավարության բաստիոնի հերթական կին քաղբանտարկյալը»՝ պնդելով, որ նրա կալանքը ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում է։
Նա ընդգծել է, որ Մանուկյանը չէր խուսափել վարույթից, իսկ անչափահաս երեխայի մայր լինելու հանգամանքը, ըստ նրա, բավարար հիմք էր կալանքը չկիրառելու համար։
«Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Քաղաքական այլակարծությունը հանցագործություն չէ, ընդդիմախոսին լռեցնել էլ՝ արդարադատություն չէ»,- ասել է Մելոյանը։
Աբրահամյանն էլ հայտարարել է, որ կին քաղաքական գործչի կալանավորումը ոչ թե իշխանության վճռականության, այլ «փոքրոգիության և խղճուկության» դրսևորումն է։
Նրա խոսքով՝ ընդդիմադիրների կալանավորումներով իշխանությունը չի կարող բարելավել իր հեղինակությունը։
«Ինչքա՜ն տմարդ պետք է լինի իշխանությունը, որ կին քաղաքական գործչի կալանավորմամբ ինքնահաստատվի»,- ընդգծել է Աբրահամյանը։
Հուլիսի 9-ին Մանուկյանին ձերբակալել էին, այնուհետ կալանավորել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով նախաձեռնված վարույթի շրջանակում։
«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նույնպես գործողություններ էին սկսվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին արված հայտարարությունից հետո։ ՔԿ-ն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին, նա 2 ամսով կալանավորվել էր։






































