«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունների օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գույքի ենթադրյալ հափշտակության հոդվածով, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2001-2020 թվականներին բուժկենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած պաշտոնյան իր հետ փոխկապակցված անձանց ձևական ընդունել է աշխատանքի։ Չնայած նրանք աշխատանքի չեն հաճախել, ՀԿԿ-ի վարկածով, բուժկենտրոնի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կազմվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա վերջիններս աշխատավարձ են ստացել։
Արդյունքում, ըստ քննության, «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ին պատճառվել է շուրջ 30 մլն դրամի վնաս։
Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնի նախկին տնօրենն ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել շուրջ 30 մլն դրամի վնասը։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ նրա ու ևս ութ անձի վերաբերյալ նախաքննությունը ավարտվել է, վարույթի նյութերը դատարան ուղարկելու միջնորդությամբ հանձնվել են հսկող դատախազին։






































