ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականին ավելի քան 1,4 մլրդ դոլարի եկամուտ էր հայտարարագրել կրիպտոարժութային նախագծերից, գրում է Reuters-ը՝ հղում անելով նրա ֆինանսական հայտարարագրին։
Գործակալության տվյալներով՝ այդ գումարից 635 մլն դոլարը ստացվել է TRUMP մեմ-մետաղադրամների վաճառքից։
Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը գրեթե 800 մլն դոլար եկամուտ է հայտարարագրել World Liberty Financial կրիպտոնախագծից, այդ թվում՝ ավելի քան 520 մլն դոլար՝ կրիպտոարժութային թոքենների և ավելի քան 250 մլն դոլար՝ այդ բիզնեսում բաժնեմասերի վաճառքից։
Associated Press-ը նշում է, որ 2025 թվականին Թրամփի ընտանեկան բիզնեսը տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ էր ստացել արտերկրում հյուրանոցների, հանգստավայրերի և բնակելի համալիրների նոր գործարքներից, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Ռումինիայում և Կատարում իրականացվող նախագծերից։ Գործակալությունը նշում է, որ այդ երկրներից մի քանիսը նույն ժամանակ ԱՄՆ-ի հետ բանակցություններ էին վարում մաքսատուրքերի, ռազմական աջակցության և այլ հարցերի շուրջ։
Վիետնամում կառուցվող Թրամփի նոր հանգստավայրի գործարքից նա նախորդ տարի ստացել էր 5 մլն դոլար։ Ըստ ԶԼՄ-ների՝ այդ և այլ գործարքների հնարավոր ազդեցությունն ԱՄՆ քաղաքական որոշումների վրա գրեթե անհնար է պարզել, սակայն նույն ժամանակ Վիետնամն ստացել էր մաքսատուրքերի մեղմացում, Կատարը՝ առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների հասանելիություն, իսկ Սաուդյան Արաբիան՝ երկար տարիներ ցանկալի ամերիկյան կործանիչներ։
Թրամփի ընտանիքի հետ կապված կրիպտոնախագծերը ներառում են World Liberty Financial-ը և TRUMP մեմ-մետաղադրամը։ 2025 թվականին թվային ակտիվները դարձել են ԱՄՆ նախագահի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը։





































