ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը հունիսի 19-ին հոսպիտալացվել է թոքաբորբով, որը զարգացել է բրոնխիտի և ուժեղ գերհոգնածության ֆոնին, ՏԱՍՍ-ին հայտնել է նրա կինը՝ Սաթի Սպիվակովան։
«Թոքաբորբ էր՝ բրոնխիտի և ուժեղ գերհոգնածության ֆոնին»,- մանրամասնել է նա։
Սպիվակովայի խոսքով՝ այժմ դիրիժորի վիճակը լավ է։ Նա նշել է, որ բժիշկները նախատեսում են ամուսնուն հիվանդանոցից դուրս գրել մինչև շաբաթվա վերջ։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, թե 81-ամյա դիրիժորը հոսպիտալացվել է ինսուլտի կասկածով։ Սպիվակովի կինը հերքել էր այդ տեղեկությունը՝ այն անվանելով «փչացած հեռախոսի» հետևանք։ Նրա խոսքով՝ Սպիվակովն իսկապես առողջական խնդիրներ է ունեցել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ինսուլտի կասկածով հոսպիտալացման մասին տեղեկությունը տարածել էր մետրոպոլիտ Իլարիոնը, սակայն ավելի ուշ այդ տվյալները հերքվել էին։
Այս ֆոնին Մոսկվայի երաժշտության միջազգային տունը չեղարկել էր հունիսի 21-ին նախատեսված համերգը, որին պետք է մասնակցեին Սպիվակովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալիսա Ֆրեյնդլիխը և «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը։






































