«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին տարածված և իրականությանը չհամապատասխանող այն տեղեկությունները, թե թաքցրել է այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը։ Այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգը։
Ըստ հայցադիմումի՝ Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Քննչական կոմիտեին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գերատեսչության պաշտոնական կայքում, ինչպես նաև ֆեյսբուքյան և տելեգրամյան էջերում հրապարակել հերքում՝ «Նարեկ Կարապետյանի վերաբերյալ զրպարտչական տեղեկատվության հերքում» վերնագրով։
Հայցվորը պնդում է, որ Քննչական կոմիտեն պետք է հրապարակայնորեն հայտարարի, որ մայիսի 20-ին տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ««Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը» սուտ է, զրպարտչական ու անհիմն, ինչպես նաև ներողություն խնդրի Կարապետյանից։
Բացի այդ, Կարապետյանը պահանջում է Քննչական կոմիտեից բռնագանձել խորհրդանշական 1 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում և դատական ծախսերը՝ ներառյալ պետական տուրքն ու փաստաբանի վարձատրությունը։
Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Քննչական կոմիտեին հերքման տեքստ հրապարակել investigative.am կայքում, ինչպես նաև կառույցի ֆեյսբուքյան և տելեգրամյան պաշտոնական հարթակներում վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում և հասանելի մնա առնվազն 1 ամիս։
Հունիսի 15-ին Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանը որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ։
Մայիսի 20-ին Կարապետյանը հայտարարել էր, որ դատական հայց կներկայացնի, եթե ՀՀ քննչական կոմիտեն 24 ժամվա ընթացքում չհերքի իր՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին լուրը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փաստաթուղթ էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի: Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել էր, որ ՀՀ քաղաքացիությունից բացի այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել։ Ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքել էր լուրը, որ Կարապետյանը ՌԴ քաղաքացիություն ունի։
Կարդացեք նաև՝
Իմ ռուսական անձնագրի մասին ստեր տարածողներին դատի կտանք. Նարեկ Կարապետյան






































