Հունիսի 14-ին Դիլիջանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը խաղաղության օրակարգին առնչվող հարցեր են քննարկել, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Գրիգորյանը և Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները, հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:
Նշվում է, որ աշխատանքային հանդիպմանը կողմերն ընդգծել են երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ, հավելել են գրասենյակից։
2025-ի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան



































