Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը բաց նամակով կոչ է արել ԵՄ առաջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների, ինչպես նաև Հայաստանում և Արցախում կրոնական ազատության և կրոնական ու մշակութային ժառանգության պահպանման իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Asbarez-ը։
Քոքսը նշել է, որ ռազմագերիների և պատանդների երկարատև կալանքն անհամատեղելի են իրական խաղաղության գործընթացի հետ՝ ընդգծելով, որ նրանց հետ վարվելակերպը հակասում է միջազգային չափանիշներին և արդար դատաքննության իրավունքին։
«Առանց արդարադատության խաղաղություն չի կարող լինել, և ես հույս ունեմ, որ այս խոսքերը հստակորեն հաշվի կառնվեն բոլոր նրանց կողմից, ովքեր ներգրավված են Հայաստանի ապագան ձևավորելու գործում»,- ասել է Քոքսը։
Նա նաև մտահոգություն է հայտնել Հայաստանում կրոնական ազատության իրավիճակի վերաբերյալ և կոչ է արել ԵՄ-ին երրորդ երկրների հետ համագործակցելիս դիտարկել կրոնական վայրերի և մշակութային ժառանգության, այդ թվում՝ Արցախում գտնվող հուշարձանների պաշտպանությունը։
«Ես աղոթում եմ, որ Աստված շարունակի սիրել, օրհնել և պաշտպանել Հայաստանի և Արցախի ժողովրդին»,- ասել է բարոնուհին։
Ապրիլի 30-ին ԵԽ-ն ընդունել էր «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու մասին» բանաձև, որով նաև պահանջել էր արդարություն արցախահայության համար, հայ գերիների անհապաղ ազատ արձակում։ Եվրախորհրդարանը նաև կոչ էր արել Հայաստանի իշխանություններին երաշխավորել ընդդիմության իրավունքները:
Ըստ Armenia Today-ի կողմից իրականացված մոնիթորինգի՝ վերջին տարիներին Արցախում ոչնչացվել է ավելի քան 50 հուշարձան, այդ թվում՝ ավելի քան 10 եկեղեցի և մոտ 50 հուշահամալիր ու խաչքար։






































