ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի տնտեսական փոխգործակցության դադարեցման ռիսկերը՝ ԵՄ-ի հետ մերձեցման և Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին։ Նա անդրադարձել է իրանա-ամերիկյան ռազմական բախման պայմաններում TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) ծրագրի իրականացման ռիսկերին՝ վերլուծելով Հայաստանի դերն ու հնարավորությունները փոփոխվող անվտանգային միջավայրում։
Նրա գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի են, չնայած տեղեկատվական դաշտում առկա (լարվածության մասին - խմբ․) խոսույթին, և Երևանի որդեգրած քաղաքականությունը Մոսկվայի հետ երկխոսությունում մնում է հավասարակշռված։
«Ես ասում եմ՝ մենք Ռուսաստանի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Բոլոր մեզ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը՝ կլինի դա տնտեսական, քաղաքական, չգիտեմ․․․ որևէ մեկին չի հաջողվելու դա անել, որովհետև առաջնորդվում ենք մեր երկրի շահերով, իսկ մեր երկրի շահերից է բխում բալանսավորման քաղաքականությունը։ Բալանսավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է, որ պետք է լավ հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի հետ, և մենք այդ լավ հարաբերությունները պաշտպանում ենք»,- նշել է նա։
Գնահատելով Հայաստանի Սյունիքի մարզով անցնող հայ-ամերիկյան TRIPP նախագծի իրականացման հնարավոր ռիսկերն Իրանի և Իսրայելի ու ԱՄՆ-ի միջև պատերազմի ֆոնին՝ նա հավաստիացրել է, որ ծրագրի կենսագործման աշխատանքները շարունակվում են։
«Երկու կողմերն էլ, թե՛ Հայաստանը, թե՛ Միացյալ Նահանգները, ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել, մենք կարող ենք ասել ավելին, որ նախորդ օրերին քննարկել ենք, մասնավորապես, էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավորությունը և, ընդհանրապես, ցանկացած բան, քանի որ պրոցեսները հասունացած են, հասունանում են և, անկասկած, թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ-ի մոտեցումը ծրագրի նկատմամբ բացարձակ առաջնահերթություն է»,- պարզաբանել է վարչապետը։
Փաշինյանը նաև հայտարարել է TRIPP նախագծի իրագործման հարցում պաշտոնական Բաքվի հետ առկա փոխադարձ հետաքրքրվածության մասին։
«TRIPP-ը չի կարող փակ սահմանից գնալ հասնել մեկ այլ փակ սահմանի, պետք է այդ սահմանները բացվեն, որպեսզի երկու կողմից հաղորդակցություն լինի, և ուրախությամբ ենք արձանագրում, որ այդպիսի մոտեցում և շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը»,- շեշտել է նա։
TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում: Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը:






































