Բոլոր հայ գերիներն էլ վերադառնալու են Հայաստան, լրագրողներին վստահեցրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այն գործընթացն ու աշխատանքը, ոճը, որը այսօր երկուստեք իրականացնում ենք, բարդ է, բայց առաջ գնալու, հնարավորություն ստեղծող բան է, որից մենք չպետք է հրարաժվենք և այդպես էլ անում ենք: Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են, այսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ վերադառնալու են», - նշել է Սիմոնյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, բացառել էր Բաքվում բանտարկված Արցախի առաջնորդների ազատ արձակման հնարավորությունը։
Սիմոնյանը նշել է, որ ժամանակին 200 գերի կար Բաքվում, նույնիսկ կային անձինք, որոնց վերադարձը հավանական չէր, սակայն աշխատանքի շնորհիվ այդ հարցը լուծվել է:
«Այդ աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան», - ասել է ԱԺ նախագահը:
Ալիևը France24-ին տված հարցազրույցում հաստատել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Ադրբեջան կատարած այցի ժամանակ բարձրացրել է հայ գերիների հարցը, բայց ընդգծել էր, որ ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը։ Ալիևը կրկնել էր մեղադրանքները, այդ թվում՝ «ռազմական հանցագործությունների» վերաբերյալ, ուղղված արցախցի նախկին պաշտոնյաներին, և պնդել, որ դատավարությունը «բացարձակապես թափանցիկ» էր՝ չնայած անկախ փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողների բացակայությանը։



































