ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանի կողմից ձերբակալվածին ծեծի ենթարկելու տեսանյութին՝ հայտարարելով հետաքննության մասին։
Փետրվարի 3-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայող Հայկ Հակոբյանը ծեծի ու հայհոյանքների միջոցով ցուցմունք էր կորզում քաղաքացուց։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի ուշ տեղեկացրել էր, որ նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, ծառայողի լիազորությունները կասեցվել են։ ՆԳՆ-ն առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել։
Սարգսյանը նշել է, որ քաղաքացու խոշտանգման մեջ կասկածվող Ներքին գործերի նախարարության աշխատակիցը քրեական գործով մեղադրյալ է։
«Ես իմ լիազորության շրջանակներում հնարավորություն ունեի կասեցնելու ծառայողի լիազորությունները, կասեցրել եմ: Անձի նկատմամբ կիրառվել է խափանան միջոց: Վարույթն ընթացք կունենա, և մենք բոլորս կտեսնենք, թե ինչպիսի արդյունքներ կա, բայց ուզում եմ հատկապես շատ ուշադիր լինենք մեր խոսույթին, որովհետև այս բոլոր դեպքերի հետևում, այո՛, կանգնած են առերևույթ խոշտանգման զոհեր և, այո՛, կանգնած են ոստիկանության ծառայողներ, որոնք հանիրավի մեղադրվում են, տարբեր լուսանկարներ են տարածվում, մեր քաղաքացիները որոշում են հաշվեհարդար տեսնել մեր ծառայողների հետ և այսպես շարունակ»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ առերևույթ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումներն ուղղակի չեն տեղավորվում նախարարության ռեֆորմային օրակարգում։
«Եթե կա տվյալ, որ գործ ունենք խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետ, ես ուղիղ հաղորդում եմ ուղարկում ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի այս դեպքերը բաց չմնան»,- ասել է Սարգսյանը։
Փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնել էին, որ փետրվարի 4-ին Հակոբյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ փետրվարի 5-ին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով-խմբ․)։ Քաղաքացուն խոշտանգած նախկին ոստիկանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։




































