«Քաղաքացիական պայմանագրում» կադրային պակասն այն մակարդակի է հասել, որ մերժված թեկնածուն կրկին առաջադրվել է և նրան ընտրելու քաղաքական որոշում է կայացվել, գրել է «Հրապարակ» օրաթերթը:
Խոսքն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար վանաձորցի բժիշկ Վանիկ Օհանյանի մասին է, որին և իր մրցակից Տրդատ Սարգսյանին 3 օր առաջ իշխող խմբակցությունը չէր ընտրել, չէր երաշխավորել այդ պաշտոնի համար: Անվավերների թիվը մեծ էր, առնվազն 8 մարդ ընտրել էր երկու թեկնածուին էլ, և քվեարկությունը տապալվել էր։
Պետք է նոր թեկնածու առաջադրեին, սակայն թերթի տեղեկություններով՝ երեկվա դրությամբ կրկին Օհանյանն է առաջադրվել: Պարբերականը հավանական է համարել, որ այլ թեկնածու չի գտնվել, և ՔՊ-ն ստիպված է լինելու ընտրել նրան։
Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է իշխանական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո։ Պատգամավորն իր քայլը պարզաբանել էր ԱԺ-ում իր հնչեցրած մտքերի շուրջ ձևավորված քննադատությամբ, որի համար ներողություն էր խնդրել հանրությունից։




































