ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը հրաժարվել է իր պաշտոնից ու ինքնաբացարկ հայտնել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակ ընդգրկվելուց, հայտնել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում։
Պատգամավորն իր քայլը պարզաբանել է ԱԺ-ում իր հնչեցրած մտքերի շուրջ ձևավորված քննադատությամբ, որի համար ներողություն է խնդրել հանրությունից։
«Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից: Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք` պարտավոր են անել, առաջին հերթին, հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ` օրինակ ծառայելով բոլորի համար»,- պարզաբանել է նա:
Միևնույն ժամանակ, Հունանյանը նշել է, որ իր քայլը միտված է նոր քաղաքական մշակույթի ձևավորմանը և հավելել, որ «շարունակելու է ծառայել պետությանն ու ժողովրդին` Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»:
Հունանյանի նկատմամբ քննարկումներն սկսվել էին, երբ հանձնաժողովի նախագահի ընտրությունների ժամանակ նա իր բարձրագույն կրթություն չունենալու մասին հայտարարել էր, թե պարտադիր չէ ունենալ բարձրագույն կրթություն՝ նման պաշտոն զբաղեցնելու համար։ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին ՔՊ-ն նրան ընտրել էր այդ պաշտոնում։
Դեկտեմբերի 2-ին Հունանյանն իր ելույթում նշել էր, որ բարձր աշխատավարձ ստացողները պետք է հոգ տանեն ցածր աշխատավարձ ստացողների մասին։ Ավելի ուշ նա հարցազրույցներից մեկում նշել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինքն է Բաքվին հանձնվել, չնայած ՀՀ վարչապետն ուղղաթիռ էր ուղարկել նրանց տեղափոխելու համար։ Հունվարի 20-ին Հունանյանը հայտարարել էր, որ բոլորը չէ, որ պետք է ծառայեն, «մեր պետությանը գլուխներ են պետք»։




































