«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին փոխտնօրեն, «Մեր ձևով» շարժման անդամ Դավիթ Ղազինյանը հորդորել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին դադարեցնել հացադուլը։
Ղազինյանը կոչ է արել հավաքել ուժերը և պատրաստ լինել երկրում օրինականության ու արդարության վերականգնման համար ակտիվ պայքարի։
Ղազինյանի գնահատմամբ՝ Սամսոնյանի, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում իրավակարգի վերջնական փլուզման վկայությունն է։
Ըստ նրա՝ քաղաքական իշխանությունն անտեսում է Սահմանադրությունը, օրենքներն ու մարդկային տարրական արժեքները։
«Փաստացի՝ ականատեսն ենք մեկ մարդու կողմից դատական իշխանության ամբողջական ուզուրպացման և փաստացի կազմալուծման»,- նշել է նա։
Ղազինյանն ընդդիմադիր գործչին մաղթել է առողջություն ու ամուր կամք՝ ընդգծելով, որ Սամսոնյանը հացադուլի դիմել է ապօրինի ազատազրկման պայմաններում՝ գիտակցելով գործող ընթացակարգերով արդարության հասնելու անհնարինությունը։
AntiFake-ի հիմնադիրներ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվել էին երկու ամսով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը: Սամսոնյանն այդ նիստին էր հայտնել հացադուլ սկսելու մասին:




































