Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել ու այս թիվը կարող է աճել։ Բացի այդ, վեց ինքնաթիռներից հինգը, որոնց անձնակազմերը որոշել էին թռիչքի անվտանգության նկատառումներից ելնելով շեղվել դեպի այլընտրանքային օդանավակայաններ, վերադարձել են Սոչիի օդանավակայան, գրում է РИА Новости-ն։
«Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը 6 չվերթի անձնակազմերը, թռիչքի անվտանգությունն ապահովելու համար, որոշել են շեղվել այլընտրանքային օդանավակայաններ։ Մոսկվայի ժամանակով ժամը 09:15-ի դրությամբ այլընտրանքային օդանավակայաններից վերադարձած հինգ ինքնաթիռ կսպասարկվի և կուղարկվի նշանակման քաղաքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ևս մեկ ինքնաթիռ՝ FV-6204 չվերթը, որը կատարում էր Սամարա-Սոչի երթուղով, մնում է այլընտրանքային օդանավակայանում՝ անձնակազմի հանգստի ժամանակահատվածի պատճառով։
«Սոչիի օդանավակայանից ուշացել է 26 չվերթ։ Հաշվի առնելով շարունակական ուշացումները, այս թիվը կարող է աճել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ներկայումս Սոչիի օդանավակայանը գործում է սովորական ռեժիմով, տարածքում գործում է օպերատիվ շտաբ՝ բոլոր անհրաժեշտ որոշումները կայացնելու համար։
Ավիափոխադրողները կկայունացնեն թռիչքների ժամանակացույցը երկու օրվա ընթացքում, ընդգծել են օդանավակայանից։
Այսօր՝ ավելի վաղ, Սոչիի Ադլերի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ էր բռնկվել նավթամբարում։ Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով։
Ավելի վաղ Սոչիի և Ադլերի վրա իրականացվել էր անօդաչու թռչող սարքերի ամենամասշտաբային հարձակումներից մեկը, կա զոհ և վիրավոր։ Բնակիչների և զբոսաշրջիկների հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում Սոչիի և Ադլերի տարբեր շրջաններում լսվել էր շուրջ 20 պայթյուն։