ԱՄՆ վարչակազմն Ադրբեջանի հետ ակտիվորեն քննարկում է Բաքվի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրների միանալու հնարավորությունն Աբրահամի համաձայնագրերին, որոնք նախկինում արաբական մի շարք երկրներ կնքել էին Իսրայելի հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նշվում է, որ Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներն արդեն երկարատև հարաբերություններ ունեն Իսրայելի հետ և, ըստ աղբյուրների, համաձայնագրի ընդլայնումն այդ երկրների ներառմամբ կլինի հիմնականում խորհրդանշական՝ ուղղված առևտրի և ռազմական համագործակցության ոլորտներում կապերի ամրապնդմանը:
Բացի այդ, ըստ գործակալության, համաձայնագրի ընդլայնումը վերածվում է ավելի լայն մեխանիզմի, որը նախատեսված է Միացյալ Նահանգների և Իսրայելի մեղմ ուժն ուժեղացնելու համար, և կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդանշական հաղթանակի հասնելու միջոց: Միևնույն ժամանակ, ցանկացած նոր համաձայնագիր չի փոփոխում Իսրայելի կողմից ստորագրված նախկինում կնքված համաձայնագրերը:
Համաձայնագրի ընդլայնման հիմնական խոչընդոտներից մեկն Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունն է, նշել են աղբյուրները, քանի որ Թրամփի վարչակազմը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը դիտարկում է որպես Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի միանալու նախապայման:
Մինչ ԱՄՆ պաշտոնյաները հրապարակավ ներկայացրել են գործարքի մի քանի հավանական ստորագրող կողմերի անուն, աղբյուրները նշել են, որ Ադրբեջանի հետ բանակցություններն «ամենակառուցվածքային և լուրջերից» են։ Համաձայնության կարող են հասնել ամիսների կամ նույնիսկ շաբաթների ընթացքում, ասել է երկու աղբյուր։
Նշվում է, որ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը մարտին այցելել էր Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ Ուիտկոֆի հիմնական օգնական Արյեհ Լայթսթոունը գարնանը հանդիպել էր Ալիևի հետ՝ քննարկելու Աբրահամի համաձայնագրերը։ Ադրբեջանցի պաշտոնյաները նաև կապ էին հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թվում՝ հարևան Ղազախստանի պաշտոնյաների հետ՝ գնահատելու Աբրահամի համաձայնագրերի ընդլայնմանը նրանց հետաքրքրությունը։
Աղբյուրները Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ բանակցությունները բնութագրել են որպես «սաղմնային վիճակում գտնվող»՝ Ադրբեջանի հետ քննարկումներն անվանելով «համեմատաբար առաջընթաց ունեցող»։ Սակայն գործակալությունը գնահատել է, որ խնդիրները մնում են, և չկա որևէ երաշխիք, որ համաձայնագիր կկնքվի՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների դանդաղ առաջընթացը։
«Քրիստոնյա Հայաստանը և Միացյալ Նահանգները սերտ կապեր ունեն, և Թրամփի վարչակազմն զգուշավոր է այնպիսի գործողություններ ձեռնարկելու հարցում, որոնք կարող են հարուցել Երևանի դժգոհությունը»,- ասվում է հրատարակության մեջ։
Աբրահամի համաձայնագրերը կնքվել են 2020-2021 թվականներին։ Այս համաձայնագրերի շրջանակներում ԱՄԷ-ն, Մարոկկոն, Բահրեյնը և Սուդանը կարգավորել են հարաբերություններն Իսրայելի հետ։ 2025 թվականի փետրվարին իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին Ադրբեջանին Աբրահամի համաձայնագրերում ներառելու հնարավորության մասին։ Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ ունեն Իսրայելի հետ 1992 թվականից։
Մայիսի 13-ին Ուիտկոֆը հայտարարել էր, որ ակտիվ բանակցություններ են ընթանում Աբրահամի համաձայնագրերի ընդլայնման ուղղությամբ, և Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց։ Նրա խոսքով՝ սա «հսկայական նախաձեռնություն է, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մայիսի 14-ին արձագանքել էր հատուկ դեսպանորդի հայտարարությանը՝ նշելով, որ «ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, որոնք, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»։