Ֆրանսիան և ևս 14 երկիր կոչ են արել սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ճանաչել Պաղեստինը որպես պետություն, նշվում է հուլիսի 30-ին հրապարակված նամակում։
Արտաքին գործերի նախարարները, այդ թվում՝ Ավստրալիայի, Կանադայի և Իսպանիայի, իրենց ուղերձում ընդգծել են «Գազայի հատվածը և Արևմտյան ափը պաղեստինյան վարչակազմի կառավարման ներքո միավորելու կարևորությունը»։
Նամակը, որը հրապարակել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն, արտահայտում է «երկրների անվերապահ նվիրվածությունը հակամարտության կարգավորման գաղափարին՝ երկու պետության համակեցության հիման վրա»։
Նամակում նաև կոչ է արվում անհապաղ հրադադարի, ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդների անհապաղ և անպայման ազատման, ինչպես նաև հումանիտար օգնության անարգել հասանելիության ապահովման։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ ՄԹ-ն սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Իսրայելն «էական քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակը դադարեցնելու» և հրադադարի հասնելու համար: Նախքան այդ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: