Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև շրջանակային առևտրային համաձայնագիր է կնքվել հուլիսի 27-ին։ Համաձայնագիրը սահմանում է 15% ներմուծման մաքսատուրք ԵՄ ապրանքների մեծ մասի վրա՝ կանխելով երկու դաշնակիցների միջև սրվող պայքարը, որոնք կազմում են համաշխարհային առևտրի գրեթե մեկ երրորդը, հայտնել է Reuters-ը։
Հայտարարությունը հրապարակվել է, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ է վարել Շոտլանդիայի արևմուտքում գտնվող գոլֆի դաշտում։
«Կարծում եմ՝ սա երբևէ կնքված ամենամեծ գործարքն է»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ ֆոն դեր Լեյենի հետ մեկ ժամ տևած հանդիպումից հետո։ Նա ասել է, որ 15% մաքսատուրքը կիրառվում է «ամբողջությամբ»։
«Մենք ունենք առևտրային համաձայնագիր աշխարհի երկու ամենամեծ տնտեսությունների միջև, և դա մեծ գործարք է։ Դա հսկայական գործարք է։ Այն կբերի կայունություն և կանխատեսելիություն»,- ասել է Թրամփը։
Թրամփն ապրիլին հայտարարել էր 185 երկրի մատակարարումների վրա մաքսատուրքերի բարձրացման մասին։ Հիմնական նվազագույն մաքսատուրքը՝ 10%, նախատեսվում էր գործարկել ապրիլի 5-ից, իսկ առանձին երկրների համար սահմանված անհատական դրույքաչափերը՝ ապրիլի 9-ից։ Սակայն Թրամփը 90 օրով հետաձգել էր դրանց կիրառումը՝ այդ ընթացքում առևտրային բանակցություններ վարելու նպատակով։