ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Լոս Անջելես է ուղարկել ակտիվ ծառայության մեջ գտնվող ծովային հետևակայիններին՝ խոստանալով, որ ներգաղթյալների ձերբակալությունների դեմ բողոքողներին «ավելի կոշտ հարվածներ» են սպասվում, քան երբևէ, հայտնում է France 24-ը:
Արտասովոր այս մոբիլիզացիան՝ բաղկացած 700 ամբողջ դրույքով ծառայող զինծառայողներից (ովքեր միանում են այնտեղ արդեն տեղակայված հարյուրավոր Ազգային գվարդիայի զինվորներին), սպառնում է է՛լ ավելի սրել լարվածությունը ներգաղթյալներով բնակեցված քաղաքում:
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը քննադատել է այդ քայլը՝ այն որակելով որպես «խելահեղ»։
«ԱՄՆ ծովային հետևակայինները պատվով ծառայել են բազմաթիվ պատերազմներում՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Նրանք չպետք է տեղակայվեն իրենց իսկ հայրենի հողի վրա՝ առերեսվելու իրենց հայրենակիցների հետ՝ պարզապես մի բռնապետ նախագահ ունենալու հիվանդագին երազանքն իրագործելու համար։ Դա հակաամերիկյան է»,- գրել է Նյուսոմը X սոցիալական հարթակում։
ԱՄՆ նախագահն, իր հերթին, պնդել է, որ ցուցարարները թքում են զինվորների վրա, և եթե դա շարունակվի, «խոստանում է՝ նրանց կհարվածեն ավելի ուժեղ, քան երբևէ։ Այդպիսի անհարգալից վերաբերմունքը չի հանդուրժվի»։
Կալիֆոռնիա նահանգում արդեն չորրորդ օրն անընդմեջ բախումներ են տեղի ունենում իրավապահների և ցուցարարների միջև: Թրամփի հրամանով շուրջ 300 ազգային գվարդիացիներ հունիսի 8-ին տեղակայվել էին Լոս Անջելեսի տարածքում՝ դաշնային անձնակազմի և գույքի պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Մայիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել էր արտաքսել 500 000 ներգաղթյալի։ Հայաստանի շուրջ 2808 քաղաքացի երկրում ապօրինի ներգաղթյալների դեմ Թրամփի քաղաքականության շրջանակներում կարտաքսվի ԱՄՆ-ից։ 2024 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում ավելի քան 1,4 միլիոն ոչ ռեզիդենտ անձ էր հաշվառվել։ Այս ցուցակը գլխավորում են Մեքսիկան և Սալվադորը՝ համապատասխանաբար ավելի քան 252 000 և 203 000 դեպքերով: