Սպիտակ տունը հեռախոսազրույց է նախապատրաստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և գործարար Իլոն Մասկի միջև՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին, գրում է Politico-ն։
Ըստ կայքի՝ Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Թրամփի օգնականները նրան խորհուրդ են տվել մեղմացնել Մասկի նկատմամբ հրապարակային քննադատությունը և կենտրոնանալ հարկային արտոնությունների վերաբերյալ օրինագծի և դրա Սենատում ընդունման վրա։
Կարճատև հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Politico-ին ասել է, որ «ամեն ինչ լավ է ընթանում»։
Մայիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Մասկը լքում է ԱՄՆ նախագահի վարչակազմը՝ իր ծախսերի կրճատման բարեփոխումների ձախողման և նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մասկն ընդգծել էր, որ ցանկանում է կենտրոնանալ իր բիզնեսի վրա, որն սկսել է մեծ վնասներ կրել նրա քաղաքական ակտիվության հետևանքով։
Երկու միլիարդատերերի միմյանց հանդեպ հրապարակային մեղադրանքներն սկսվել են, երբ Մասկը կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախագահի օրինագիծը, որը նախատեսում է էական հարկային արտոնություններ։ Նա այն «զզվելի էր» անվանել: Ի պատասխան՝ Թրամփը դժգոհություն էր հայտնել Մասկից և սպառնացել չեղարկել նրա ընկերությունների՝ Tesla-ի և SpaceX-ի պետական պայմանագրերը։ Մասկը, իր հերթին, հունիսի 5-ին պնդել էր, թե առանց իր աջակցության ԱՄՆ նախագահը չէր կարող ընտրվել այդ պաշտոնում:
Փոխադարձ մեղադրանքները հանգեցրել են Tesla-ի բաժնետոմսերի 14% անկման։ Չնայած այս կորուստներին՝ Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը՝ մոտ 335 միլիարդ դոլար կարողությամբ։