Եվրոպական միությունը (ԵՄ) մտադիր է գոնե մասամբ զբաղեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տեղը «երրորդ աշխարհի» երկրներում՝ կենտրոնանալով «ժողովրդավարության խթանման» ծրագրերի վրա։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ զարգացման հարցերով խորհրդի նիստին։
«Նախարարները կքննարկեն USAID-ի՝ զարգացման աջակցության ծրագրերից դուրս գալու հետևանքները և այն, թե որտեղ կարող է ԵՄ-ն փոխարինել։ Մենք չենք կարող լրացնել այն վակուումը, որն ԱՄՆ-ն է թողնում, բայց կկենտրոնանանք եվրոպական առաջնահերթությունների վրա՝ սա է ժողովրդավարությունը, մամուլի ազատությունը, մարդու իրավունքները և ժողովրդավարության նման առաջնահերթությունները»,- ասել է Կալլասը։
Փետրվարի 3-ին Վաշինգտոնը փաստացի կասեցրել էր USAID գործակալության գործունեությունը, որն էական միջոցներ էր հատկացնում միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմանը։ Գործակալության ժամանակավոր ղեկավար նշանակված պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ կառավարությունն ստուգման արդյունքներով դադարեցրել է այս մարմնի ծրագրերի 83 տոկոսի իրականացումը։