Օմանի մայրաքաղաք Մասկատում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
Երկխոսությունը տեղի է ունենում անուղղակի խորհրդակցությունների ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ։ Բանակցություններին մասնակցում են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։
Ըստ գործակալության՝ բանակցությունների այս փուլը, ինչպես նախորդ երկուսը, նախատեսված է մեկ օրվա համար։ Սակայն, հաշվի առնելով քննարկումների անցումը տեխնիկական հարթություն և մանրամասների խորն ուսումնասիրությունը փորձագիտական մակարդակով, կարելի է ենթադրել, որ անհրաժեշտության դեպքում ժամկետները կարող են երկարաձգվել։
Ապրիլի 12-ին երկու երկրների ներկայացուցիչներն Օմանում անուղղակի բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանը Վաշինգտոնին հայտնել էր, որ պատրաստ է սահմանափակել ուրանի հարստացումը, եթե իրեն տրվեն հուսալի երաշխիքներ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չի հրաժարվի գործարքից։
Ապրիլի 19-ին Հռոմում անցկացվել էր Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ 4 ժամ տևած բանակցությունների ընթացքում պատվիրակությունները ավելի մեծ փոխըմբռնման էին հասել մի շարք հարցերի շուրջ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Վաշինգտոնը դեռևս չի փորձել հատել Թեհրանի «կարմիր գծերը» և չի ձգտել բանակցային օրակարգում ներառել Իրանի միջուկային ծրագրից դուրս հարցեր։