Իսրայելի պաշտպանության բանակն ավարտել է մարտի վերջին Գազայի հատվածի հարավում շտապօգնության մեքենաների վրա կրակոցների հետաքննությունը և մի շարք ռազմական գործողություններում սխալներ հայտնաբերել, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Բանակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հետաքննությունից հետո բրիգադի հրամանատարին կտրվի նկատողություն, իսկ գումարտակի փոխհրամանատարը կազատվի զբաղեցրած պաշտոնից։
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի քննչական վարչությունը դեպքի վայրում իրականացրել է ուսումնասիրություն և հարցաքննել տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ միջադեպին անմիջական առնչություն ունեցող անձանց։
«Քննությամբ պարզվել է, որ մարտի 23-ին իսրայելական զորքերը երեք անգամ կրակ են բացել Գազայի հատվածի հարավում գտնվող մեքենաների վրա, այդ թվում՝ շտապօգնության, հրշեջ և ՄԱԿ-ի տարբերանշաններով մեքենաների վրա, որի հետևանքով, ընդհանուր առմամբ, 15 մարդ է մահացել։ Առաջին երկու միջադեպում կրակ է բացվել զինծառայողների կողմից սխալ օպերատիվ ըմբռնման հետևանքով, քանի որ նրանք կարծել են, որ հակառակորդի հարձակման վտանգի առաջ են։ Երրորդ դեպքով մարտական գործողությունների ժամանակ կատարվել են հրամանների խախտումներ»,- նշվում է հետաքննության եզրակացության մեջ։
Եզրափակելով՝ Իսրայելի պաշտպանության բանակն ափսոսանք է հայտնել ահաբեկչական գործունեության մեջ չներգրավված խաղաղ բնակիչներին պատճառված վնասի համար։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:
Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը, այդ թվում՝ ականազերծել տարածքը և քանդել ավերված շենքերը: Նրա ծրագրի համաձայն՝ տարածաշրջանը պետք է վերածվի «Միջին Արևելյան Ռիվիերայի»։ Դա ենթադրում է Գազայի բոլոր բնակիչների կամ մեծ մասի վերաբնակեցում այլ երկրներում։ Արաբական հինգ երկրների արտգործնախարարներ քննադատել էին այս առաջարկը: Թրամփը փետրվարի 26-ին հրապարակել էր արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված տեսահոլովակ, որտեղ ցույց էր տալիս Գազայի հնարավոր ապագան՝ համաձայն իր պլանի։
Մարտի 18-ի լույս 19-ի գիշերն Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ: