ԱՄՆ-ի տարբեր նահանգներում ապրիլի 19-ին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ բողոքի ակցիաներն ուղղված էին Թրամփի մի շարք նախաձեռնությունների, այդ թվում՝ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (Doge) աշխատանքի դեմ, որը նրա վարչակազմի իշխանության գալուց հետո գլխավորում է միլիարդատեր Իլոն Մասկը: Վարչությունը զբաղվում է պետական ապարատում աշխատատեղերի և այլ ծախսերի կրճատմամբ:
Պարբերականի տվյալներով՝ քաղաքական ցույցերը գնալով ավելի տարածված են դառնում Նահանգներում, իսկ հարցումները ցույց են տալիս, որ Թրամփի ժողովրդականությունը նվազում է:
ԱՄՆ-ը աշխարհի երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի համար կիրառել էր 10 տոկոս մաքսատուրք։ Չինաստանի դեպքում գործում է 145 տոկոս մաքսատուրք, Պեկինն իր հերթին Վաշինգտոնին պատասխանել էր 34 տոկոս հայելային մաքսատուրքերով։ Ապրիլի սկզբին լայնածավալ մաքսատուրքերի մասին հայտարարությունից հետո ամերիկյան արժույթը խիստ ճնշման տակ էր՝ ԱՄՆ դոլարը նվազել էր բոլոր հիմնական արժույթների նկատմամբ։
Փետրվարին հայտնի էր դարձել, որ Թրամփի վարչակազմը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ավելի քան 10 000 աշխատակիցներին կրճատում է՝ նրանց թիվը հասցնելով շուրջ 300-ի։