ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է հետևանքներով՝ Եմենի շիական «Անսար Ալլահ» շարժման հուսիթների կողմից նոր հարձակումների դեպքում։
«Այսուհետ հուսիթների կողմից արձակված յուրաքանչյուր կրակոց կհամարվի Իրանի ղեկավարության կողմից արձակված կրակոց, և Իրանը պատասխանատվության կենթարկվի, կլինեն հետևանքներ և այդ հետևանքները ծանր կլինեն»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։
Իրանը, ըստ նրա, «իրեն ներկայացնում է որպես սրիկա ահաբեկիչների «անմեղ զոհ», որի նկատմամբ կորցրել է վերահսկողությունը, բայց դա այդպես չէ»: Թրամփը հայտարարել է, որ Իրանը «թելադրում է յուրաքանչյուր քայլ, տրամադրում է զենք, միջոցներ, բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկա և, այսպես կոչված, հետախուզություն»:
Նշելով, որ հուսիթների կողմից իրականացված «հարյուր հարձակումները» «ծագում և ստեղծվում են Իրանի կողմից», Թրամփը շեշտել է, որ «հուսիթների կողմից ցանկացած հետագա հարձակման կամ պատասխան հարվածի կպատասխանեն հզոր ուժով, և երաշխիք չկա, որ այդ ուժն այդ ճանապարհից հետ կկանգնի»։
Մարտի 15-ին Թրամփն ԱՄՆ զինվորականներին հրամայել էր ռազմական գործողություններ սկսել հութիների դեմ և Իրանին կոչ էր արել անհապաղ դադարեցնել շարժմանն աջակցությունը։ Դրանից հետո ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր «Անսար Ալլահի» դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին։ Հութիների առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել էր 53 և վիրավորվել 98 մարդ։
2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների մեկնարկից ի վեր հուսիթներն սկսել են թիրախավորել Եմենի ափերի մոտ առևտրային նավերը: Հարձակումները կասեցվել էին 2025 թվականի հունվարին՝ շրջանում հրադադարի հաստատումից հետո: Իսրայելի կողմից Գազա մարդասիրական օգնության մատակարարումների շրջափակումից հետո հուսիթները մարտի 11-ին հայտարարել էին, որ կվերսկսեն հարձակումները Կարմիր և Արաբական ծովերով, Բաբ էլ-Մանդեբ նեղուցով և Ադենի ծոցով անցնող իսրայելական նավերի վրա: