Գազայի հատվածի վերականգնումը կֆինանսավորվի հատուկ հիմնադրամից, որում առաջին փուլում կներդրվի 2 մլրդ դոլարից մինչև 5 մլրդ դոլար, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Al Hadath հեռուստաալիքին։
Եգիպտոսում նրա աղբյուրների համաձայն՝ նշված հիմնադրամը կկառավարեն արաբական երկրների անանուն ներկայացուցիչները։ Անկլավի վերակառուցումը վերահսկելու է «արաբ-եվրոպական կոմիտե», հեռուստաալիքը չի մասնամասնել, թե ով է մաս կազմելու դրան։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու և այն «մաքրելու» ամերիկյան նոր վարչակազմի ծրագրերն իրականացնել։
Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը, այդ թվում՝ ականազերծել տարածքը և քանդել ավերված շենքերը: Նրա ծրագրի համաձայն՝ տարածաշրջանը պետք է վերածվի «Միջին Արևելյան Ռիվիերայի»։ Դա ենթադրում է Գազայի բոլոր բնակիչների կամ մեծ մասի վերաբնակեցում այլ երկրներում։ Արաբական հինգ երկրների արտգործնախարարներ քննադատել էին այս առաջարկը: Թրամփը փետրվարի 26-ին հրապարակել էր արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված տեսահոլովակ, որտեղ ցույց է տալիս Գազայի հնարավոր ապագան՝ համաձայն իր պլանի։