ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցների ժամկետը, հայտնում է RBC-ն՝ հղում անելով ԱՄՆ դաշնային ռեգիստրի տվյալներին։
Խոսքն ԱՄՆ-ի սահմանափակումների մասին է, որոնք սահմանվել են 2014, 2018 և 2022 թվականներին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։
«Հրամանագրով սահմանված ՌԴ գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտասովոր և արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին և արտաքին քաղաքականությանը»,- ասված է փաստաթղթում:
ԵՄ-ն փետրվարի 24-ին պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ էր կիրառել Ռուսաստանում գործունեություն ծավալող հայազգի դերասան, կատակերգու Միխայիլ Գալուստյանի և գործարար, Yota ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել էր 48 ֆիզիկական անձ և 35 կազմակերպություն։
2024-ի դեկտեմբերին Եվրամիությունն ընդունել էր Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը։ Միջոցառումներն ուղղված էին «ստվերային նավատորմի» օգնությամբ նախկինում ընդունված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին և Ռուսաստանի «ռազմարդյունաբերական համալիրը թուլացնելուն»։