Շվեյցարիայի կառավարությունը հանրաքվեի է ներկայացրել նախաձեռնություն, որը կոչ է անում մինչև 2050 թվականը երկրի մշտական բնակչության 10 մլն սահմանաչափ սահմանել: Շվեյցարիայի կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ այսպես կոչված «Նախաձեռնություն 10 միլիոնի դեմ» քվեարկությունը տեղի կունենա հունիսի 14-ին:
Նշվում է, որ 2025 թվականի վերջին Շվեյցարիայի բնակչությունը կազմել էր մոտ 9,1 միլիոն։ 2002 թվականին ազատ տեղաշարժի սկզբունքների ներդրումից հետո բնակչությունն աճել է շուրջ 1,7 միլիոնով՝ հիմնականում ներգաղթի հաշվին։
Եթե երկրի բնակչությունը գերազանցի 10 միլիոնի շեմը, Շվեյցարիան երկու տարվա ընթացքում ստիպված կլինի խզել ԵՄ-ի հետ անձանց ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը, ինչի հետևանքով կդադարեցվեն նաև Երկկողմ համաձայնագրեր I-ի շրջանակում կնքված մյուս պայմանավորվածությունները։
Բացի այդ, կասկածի տակ կարող է հայտնվել Շվեյցարիայի մասնակցությունը Շենգենյան և Դուբլինյան համաձայնագրերին՝ վտանգի տակ դնելով անվտանգության և ապաստանի ոլորտներում համագործակցությունը։ Դաշնային խորհուրդն ու խորհրդարանը նախկինում դեմ էին արտահայտվել այս նախաձեռնությանը՝ այն տնտեսության համար վնասակար համարելով։
Ավելի վաղ Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել էր նաև անշարժ գույք գնող օտարերկրացիների համար կանոնները խստացնելու մտադրության մասին։ Նախագծի համաձայն՝ ԵՄ-ից և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայից (EFTA) դուրս երկրների քաղաքացիները պարտավոր կլինեն հատուկ թույլտվություն ստանալ ցանկացած բնակարան կամ տուն գնելու համար, նույնիսկ եթե այն նախատեսված է որպես հիմնական բնակության վայր։ Ներկայում նման պահանջը հիմնականում վերաբերում է երկրորդային բնակարաններին և առևտրային անշարժ գույքին։






































