ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանը դեռ չի համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած բոլոր «կարմիր գծերին»՝ դիվանագիտական լուծման հասնելու համար։ Այդ մասին նա նշել է Ժնևում անցկացված բանակցություններից հետո։
Վենսը Fox News-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ բանակցություններն ինչ-ինչ առումներով դրական են ընթացել։
«Որոշ իմաստով՝ ամեն ինչ լավ անցավ․ նրանք համաձայնեցին շարունակել հանդիպումները»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ՝ փոխնախագահը շեշտել է, որ Թրամփը հստակ սահմանել է մի շարք «կարմիր գծեր», որոնք Իրանը դեռ պատրաստ չէ ընդունել և դրանց շուրջ աշխատել։ Նրա խոսքով՝ դրանք վերաբերում են, հիմնականում, Իրանի միջուկային ծրագրին և Վաշինգտոնի համար առանցքային այլ հարցերի։
Վենսի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտական ճանապարհին, սակայն նախագահը պահպանում է իրավունքը որոշելու, թե երբ կարող է համարել, որ դիվանագիտությունն սպառել է իրեն։
«Հույս ունենք՝ այդ կետին չենք հասնի, բայց եթե հասնենք, դա կլինի նախագահի որոշումը»,- նշել է նա։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ամերիկյան կողմի հետ փետրվարի 17-ին Ժնևում կայացած բանակցություններում մշակել են հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա աշխատելու են իրանական միջուկային գործարքի շուրջ:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 4-ին պնդել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև էական բանակցությունները, միջուկային հարցից բացի, պետք է ներառեն նաև Իրանի հրթիռային ծրագիրը, Թեհրանի աջակցությունը Մերձավոր Արևելքի խմբավորումներին և «սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը»։ Իրանական կողմը, սակայն, արձագանքել էր, որ բանակցությունների ժամանակ կքննարկեն միայն Թեհրանի միջուկային ծրագիրը։
Կարդացեք նաև՝
Իրանն ու ԱՄՆ-ն Ժնևում պայմանավորվել են միջուկային գործարքի սկզբունքների շուրջ



























