ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը հայտարարել է Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։
«Այսօր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից հայտարարում ենք Գազայում հակամարտությունը դադարեցնելու 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ հրադադարից անցնելով ապառազմականացման, տեխնոկրատ կառավարման և վերակառուցման»,- գրել է Ուիթկոֆը X սոցիալական մեդիա հարթակում:
Երկրորդ փուլի շրջանակներում Գազայում կստեղծվի անցումային վարչակազմ, և կսկսվի անկլավի ապառազմականացման և վերակառուցման գործընթացը։
«Երկրորդ փուլում կոչ է արվում Գազայում ստեղծել անցումային տեխնոկրատական Պաղեստինյան Ինքնավարություն, Գազայի կառավարման ազգային կոմիտե և սկսել Գազայի լիակատար ապառազմականացումը և վերակառուցումը, առաջին հերթին՝ բոլոր չարտոնված անձնակազմի զինաթափումը»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահի բանագնացը։
Ուիթկոֆն ընդգծել է՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը լիովին կկատարի իր պարտավորությունները։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը պահանջում է պատանդների անհապաղ վերադարձ՝ զգուշացնելով, որ «այդ պահանջները չկատարելը կհանգեցնի լուրջ հետևանքների»։
2025 թվականի դեկտեմբերի 31-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թրամփի հետ բանակցությունների ժամանակ պատրաստակամություն էր հայտնել անցնել Գազայի խաղաղության համաձայնագրի երկրորդ փուլին: Դեկտեմբերի 29-ին Թրամփը հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափումն անհրաժեշտ է Գազայի հատվածում կարգավորման գործընթացն արագացնելու համար: Նշվել էր, որ համաձայնագրի հիմնական մանրամասները ներկայումս մնում են անորոշ, քանի որ Իսրայելն ուժեղացնում է իր ռազմական վերահսկողությունը Գազայի նկատմամբ:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարն ուժի մեջ էր մտել 2025 թվականի հոկտեմբերի 10-ից։ Համաձայնագրի շրջանակներում շարժման ներկայացուցիչներն Իսրայելին էին փոխանցել 20 պատանդի, որոնք պահվում էին Գազայի հատվածում:
Իր հերթին՝ Իսրայելը բանտերից ազատ էր արձակել շուրջ 2000 բանտարկյալի՝ ինչպես նախկինում ահաբեկչության համար դատապարտված, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ ձերբակալված և առանց դատավարության բանտերում պահվող, ինչպես նաև հանձնել էր 360 պաղեստինցի զինվորականի մարմին:






































