ՀԱՄԱՍ շարժման առանցքային հրամանատարներից մեկը՝ Ռաեդ Սաադը, սպանվել է իսրայելական բանակի կողմից, «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան:
Սաադը, որը ՀԱՄԱՍ-ի ներկայիս ռազմական հիերարխիայում համարվում էր երկրորդ գլխավոր պաշտոնյան, խմբավորման վերջին վետերաններից մեկն էր:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ Պաշտպանության բանակը Սաադին չեզոքացնելու հրաման էր ստացել՝ ի պատասխան պայթյունի, որը կազմակերպել էին Իսրայելի վերահսկողության տակ գտնվող գոտում: Իսրայելի բանակը դեկտեմբերի 14-ին հայտարարել էր Գազայի հատվածում շարժման բարձրաստիճան հրամանատարի ոչնչացման մասին:
Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ այս համաձայնագրի շրջանակներում ազատ էր արձակել 20 պատանդի, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, այդպիսով ազատ են արձակվել ողջ մնացած բոլոր պատանդները: Իսրայելն, ի պատասխան, բանտերից ազատ էր արձակել մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալի, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչների:
Ներկայումս ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձնում գերության մեջ զոհված պատանդների աճյունները: Պաղեստինյան կողմն ավելի վաղ Իսրայելին էր վերադարձրել 27 պատանդի մարմին, որոնք ճանաչվել էին:






































